ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանը երազում է «ժողովրդական վարչապետ» դառնալ

Փաշինյանը երազում է «ժողովրդական վարչապետ» դառնալ
27.04.2018 | 00:33

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Չեմ հավատում, թե այն պատճառով, որ «վախեցավ» Նիկոլ Փաշինյանից ու նրա սպառնալիքներից: Մի օր ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Եվ այդ նույն ժողովուրդը, որի անունով այսօր երդում է ուտում գրեթե յուրաքանչյուր երկրորդը, շատ բան կհասկանա: Ինչպես յուրաքանչյուր երևույթ, մեր այսօրվա իրողություններն էլ ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ավաղ: Մեր երկիրը չկարողացավ խույս տալ «թավշյա պետհեղաշրջում» անեծքից: «Հեղափոխություն» բառը, կարծում եմ, պետք է արգելել, որպեսզի շարքային քաղաքացիները ոչ ոքի չխաբեն և իրենք էլ չենթարկվեն իրենց խաբելու գայթակղությանը: Ինքնախաբեությունը, ի դեպ, վատթարագույն մեղքն է Աստծո առջև:


Նայենք դրական կողմերը: Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Սերժ Սարգսյանի ոտքերը լվանալ... այդ նրա արժանիքն է, որ երեկոյան Երևանում ընթացող հանրահավաքում Փաշինյանը խոսեց «հաղթանակի» մասին: Սերժ Սարգսյանը գործեց պատասխանատվության զգացումով օժտված ղեկավարի պետական խիզախ արարք, նա էլ արեց ի՛ր քայլը՝ տղամարդու քայլը: Չէ՞ որ մենք բոլորս շատ լավ ենք հասկանում, որ բանը ոչ թե Սերժ Սարգսյանի անձն է, այլ Հայաստանի իշխանության ու տնտեսության համակարգը: Նա տեսավ, կամ նրան հասկացրին, որ իր օրինակարգությունն անցել-գնացել է, և դրա համար էլ հրաժարական տվեց: Հենց նախկին նախագահի շնորհիվ էր, որ երկիրը զերծ մնաց անիծված 2008 թ. մարտի 1-ի կրկնության վտանգից, որտեղ նույն Փաշինյանի մեղքը ամենևին պակաս չէր այն ժամանակվա իշխանության մեղքից: Այսպիսով, մի շատ մեծ շահ կա. մենք խույս տվեցինք, առայժմ խույս տվեցինք Երևանը «կիևյան մայդան» դարձնելու սպառնալիքից: Մենք չունենք արտասահմանցի դիպուկահարներ, որոնց հետո հետնաբակերով կամ լկտիաբար բացեիբաց ինչ-որ Փաշինյան կամ Միրզոյան հեռացնեին քաղաքի կենտրոնից, որոնք ձեռ առնեին Հայաստանի քաղաքացիներին, հերթով սպանելով մեկ ոստիկաններին, մեկ հանրահավաքի մասնակիցներին: Սա շատ կարևոր է: Իսկ ինչու՞ առայժմ: Որովհետև, դե, Փաշինյանը երազում է «ժողովրդական վարչապետ» դառնալ, այսինքն, հակասահմանադրական գործողությունների է կոչում: Նիկոլ, ընտրեք. եթե դուք չեք ստում և «ամեն ինչ օրենքի շրջանակում է», ապա ենթարկվեք գործող Սահմանադրությանը: Այնտեղ վարչապետի ընտրության կարգը հստակորեն արձանագրված է: Այնպես որ, ժամանակից շուտ մի տոնեք, Հայաստանի քաղաքացիներ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում:


Սրանով դրականն ավարտվում է: Եվ սկսվում է բացասականը: Ի՞նչ ապացուցեցին իրադարձությունները: Միայն այն, որ Հայաստան, որպես պետություն, գոյություն չունի, որովհետև պետական սահմանակարգերը չեն գործում: Հակառակ դեպքում փողոցը երբեք ի վիճակի չէր լինի կոտրելու պետական մեքենան: Բայց մեզանում պատճենեցին Յանուկովիչի «դարաշրջանի» կիևյան իշխանության անդեմությունն ու անգործությունը: ՈՒրեմն, ու՞մ թելադրանքով Սարգսյանը հեռացավ: Ինչ-որ մեկը «բարեկամաբար խորհու՞րդ տվեց»: ԱՄՆ-ի դեսպանության, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, Եվրամիության լկտի միջամտություն. այս ամենը եղել է նաև մեր դեպքում: Չէ՞ որ նրանց բոլոր «հաճախորդները», ի դեմս բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ), ներառյալ ԼԳՏԲ ընկերակցությունները, փողոց էին դուրս եկել: Իհարկե, մեր գրանտակեր ՈԿԿ-ներն էլ ծախսի տակ ընկան, ճիշտ է, ոչ այն ծավալների, ինչ ՈՒկրաինայում: Բայց, փա՜ռք Աստծո, մեր «թավշյա հեղաշրջման» սցենարը մի քիչ տարբերվում էր: Հանրահավաքներում, օրինակ, Փաշինյանի ու այլ պատգամավորների ձերբակալությունից հետո, հանրահավաքի մասնակիցներն ըստ էության թույլ չտվեցին, որ խոսափողին մոտենան ո՛չ Զարուհի Փոստանջյանը, ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ասենք, նրանք պետք էլ չէին, կառավարող հանրապետական կուսակցությունն ու ինքը՝ Սերժ Սարգսյանը, այն աստիճան էին հրահրել իրադրությունը, որ հիմա, ինչպես մինչև ապրիլի 23-ը հայտարարել էր Արամ Զավենի Սարգսյանը, մեր երկրում արդեն ընդդիմության «նոր առաջնորդ» կա, այսինքն՝ Փաշինյանը: Ճիշտն ասած, ավելի լավ կլիներ լիներ ինքը՝ Արամ Զավենի Սարգսյանը՝ նախկին վարչապետներից մեկը, քան մեկը, որը սոսկ այլոց հրահանգներն է կատարել 2008 թ. մարտի 1-ի բարիկադների վրա: Իսկ մնացածները պատմության աղբանոցի ապրանք են:


Նիկոլ և բոլոր մնացածներդ, դուք երաշխիք տալի՞ս եք, որ այլևս ոչ ոք չի ցանկանա «փողոցային մեթոդով» տապալել ցանկացած նոր իշխանություն: Թե՞ դուք արդեն հիմիկվանից պատրաստվում եք ճնշելու բոլոր նրանց, ովքեր վաղը-մյուս օրը հանդես կգան ձեր դեմ և ոտքի կհանեն ժողովրդի իրենց մասին: Այս հարցերի պատասխանը պետք է հիմա, ոչ թե վաղը: Եվ հասկանալի է, թե ինչու: Որովհետև մենք ֆաշիստական տիրապետություն ենք տեսնում նույն Կիևում: Որովհետև երկրի խնդիրները միայն կառավարության ղեկավարի պաշտոնաթողությամբ լուծել չի հաջողվի, քանի որ մեր խնդիրները համակարգային բնույթ են կրում: Եվ այդ համակարգը մեզանում գործում է հենց ամենասկզբից, երբ իշխանությունը ՀՀՇ-ի ձեռքին էր, և նա «ղեկավարում էր» «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով: Մոռացե՞լ եք: Աստված չանի մոռանաք: Գլխավոր հարցը, որ այսօր ծառացած է Հայաստանի առջև, հետևյալն է. ո՞վ և ի՞նչ կանի վայրի օլիգարխական կապիտալիզմի հետ Հայաստանում: Կոնկրետ ի՞նչ ծրագիր կիրականացնի նոր ղեկավարությունն այդ ոլորտում: Մինչև հիմա այդ թեմայով ոչ մի բառ չի հնչել ընդդիմության շուրթերից: Ես չեմ հավատում, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կամ էլ նույնիսկ «ժողովրդական վարչապետը», ինչ էլ լինի ազգանունը, կկարողանան փլուզել օլիգարխական համակարգը և ոչնչացնել օլիգարխներին, որպես երևույթի: Չեն կարողանա: Մեր «ժողովրդական վարչապետները», ամենաշատը, «թայֆայի» անդամներին կդարձնեն նոր օլիգարխներ: Օրինա՞կ եք ուզում: Նայեք ինչ է կատարվում ՈՒկրաինայում: Կամ էլ «կպառկեն» նրանց տակ, ովքեր մեզանում կան սկսած ՀՀՇ-ի կառավարման ժամանակներից: Հավատացեք, փողը, որ նրանք համարում են իրենցը, մեր օլիգարխները կպաշտպանեն շատ ավելի կոշտ ու հետևողականորեն, քան վարչապետ Սերժ Սարգսյանը:


Այսօր պակաս կարևոր չէ այն, թե Հայաստանն այսուհետ որքան պատասխանատու մոտեցում կցուցաբերի Արցախի խնդրին: Ավելի ճիշտ, ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանի նոր իշխանությունը: Փաշինյանը էյֆորիայի մեջ ինչ ասես խոստանում է: Մնացածները, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կանեն նույնը: Արցախը մեր ընդհանուր թիկունքն ու մեր ընդհանուր ճակատն է միաժամանակ: Ես լավ եմ հիշում նույն Փաշինյանին 90-ականների կեսերից: Այն ժամանակ նա աչքի չէր ընկնում հայրենասիրության մասին մի ինչ-որ մեծ հոգատարությամբ, էնպես, լրագրող էր, որ սիրում էր աղմկահարույց հարցազրույցներ անել:


Իսկ առայժմ մենք հարկադրված ենք ընդունելու. մեր Հայաստանի օրինակով, ընդ որում՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կամա թե ակամա օգնությամբ, ապացուցեցին, որ «գունավոր հեղափոխության» ամերիկյան տեխնոլոգիաները կարելի է մտցնել նաև այն ժողովրդի գլուխը, որն առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Այսինքն, մեզ՝ հայերիս էլ կարելի է պարտադրել ցանկացած, նույնիսկ ամենակեղտոտ բանը: Որովհետև, դե, պետություն չկա: ՈՒրախացեք, որ կա մեր ժողովուրդը: Տխրեք, որ չունենք կոշտ ու հստակ ինստիտուտներով պետություն, որոնք պատրաստ լինեն գործելու կոնկրետ անուն-ազգանուններից անկախ: Իսկ ելք կա: Վերադառնալ 2015 թվական և ընդունել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծված է եղել: Հարմարեցված հենց «Սերժ Սարգսյանի հագով»: Վերադառնալ նախագահական հանրապետության և շտապ կարգով անցկացնել հերթական նախագահական ընտրությունները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի համար արդեն ամեն ինչ վերջացած է՝ թե՛ նախագահությունը, թե՛ վարչապետությունը:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 16113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ